Ի՞նչ է գինգիվիտը: Գրականության մեջ հանդիպում է հետևյալ սահմանումը.
Գինգիվիտ – պարօդոնտի բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր գործոններից և ընթանում է առանց լնդային կապանի վնասման:
Գինգիվիտը լինում է՝
Կատարալ
Հիպերտրոֆիկ
Խոցանեկրոտիկ
Կատարալ գինգիվիտ
Գինգիվիտի ամենատարածված տեսակն է: Առկա է լնդերի հիպերեմիա(կարմրություն), լնդերի աննշան այտուց, բնորոշ է փափուկ և կարծր նստվածքների առկայություն: Հիվանդները նշում են լնդերի արնահոսություն ատամները լվանալու ժամանակ և բորբոքում:
Հիպերտրոֆիկ գինգիվիտ
Հանդիպում է ավելի քիչ քան կատարալ գինգիվիտը: Հիպերտրոֆիկ գինգիվիտը շատ հաճախ հանդիպում է էնդոկրին համակարգի խանգարումների ժամանակ:
Հայտնի է նաև որպես՝
Հղիների գինգիվիտ
Երիտասարդական գինգիվիտ
Շաքարային դիաբետի գինգիվիտ
Դիտվում է լնդային պտկիկների մեծացում(հիպերտրոֆիա), այստեղից և ստացել է իր անվանումը: Բացի մեծացումից կարող է դիտվել լնդերի կապտավուն երանգ: Նկատվում է արնահոսություն, թարախահոսություն, տհաճ հոտ բերանի խոռոչից և կեղծ ախտաբանական գրպանիկներ: Ինչպես նաև փափուկ և կարծր նստվածքներ:
Խոցանեկրոտիկ գինգիվիտ
Գինգիվիտի այս տեսակը առաջանում է այսպես կոչված Վենսանի խոցանեկրոտիկ ստոմատիտի ֆոնի վրա և հանդիսանում է այդ հիվանդության կլինիկական դրսևորումը: Բերանի խոռոչում դիտվում է լորձաթաղանթի բորբոքում, լնդային պտկիկների նեկրոզ, արնահոսություն, տհաճ հոտ բերանի խոռոչից: Դիտվում է բերանի խոռոչի վատ հիգիենայի ֆոնի վրա, ավելի հաճախ 17-30 տարեկան անձանց մոտ: Հաճախ լինում է գրիպի, անգինայի, արյան հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի հետ միասին:
Գինգիվիտի բուժում
Կախված հիվանդության բարդությունից ընտրվում են բուժման տարբեր մեթոդներ: Սկսած բերանի խոռոչի մասնագիտական հիգիենայից մինչև տարբեր վիրաբուժական միջամտություններ: